Ռուս դեսպանի սպանությունը ծրագրված է եղել. Թուրքիայի ՆԳՆ
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ հարձակումը, որի հետևանքով մահացավ ռուս դեսպան Անդրեյ Կառլովը, ծրագրված է եղել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Anadolu»-ին:
«Մենք փորձում ենք պարզել ահաբեկչի կապերը ինչպես Թուրքիայի ներսում, այնպես էլ դրանից դուրս: Այս փուլում կոնկրետ բացահայտվել է մարդասպանի կապը Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական հոսանքի հետ: Այդ դեպքը ահաբեկչի անձնական նախաձեռնությունը չէ, ահաբեկչությունը ծրագրված է եղել»,- նշել է նախարարը:
Նա նշել է, որ Թուրքիայում 2015 թվականի հունիսին տեղի ունեցած ահաբեկչությունները և դեսպանի սպանությունը մեկ պլանի են ծառայում: Սոյլուն հայտնել է, որ Կառլովի սպանությունը այն ուժերի գործողության արդյունքն է, որոնք փորձում են Մերձավոր Արևելքում խափանել խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը: