Ջիմ Քերին ընկերուհու ինքնասպանության հետ կապ չունենալու մասին դատարան հայտարարություն է ուղարկել
Ամերիկյան դերասան Ջիմ Քերին կեղծ է համարել իր նախկին ընկերուհու՝ Քեթրիոնա Ուայթի ինքնասպանությանը կապված լինելու վերաբերյալ մեղադրանքները: Այս մասին գրում է Daily Mail -ը՝ վկայակոչելով դերասանի՝ դատարան ուղարկած հայտարարությունը:
Քերին խնդրել է դատավորին հաշվի չառնել այն փաստը, որ ինքը Ուայթին վարակել է հերպեսով և հոնորեայով, քանի որ դա վերջինիս ինքնասպանությունից երկու ամիս առաջ է տեղի ունեցել: Դերասանը նաև նշել է, որ աղջիկն իր մասին դրական լույսի ներքո է խոսել ինքնասպանությունից առաջ գրված վերջին երկու նամակներում, բայց դրանք գործին չեն կցվել:
Քերիին դատի է տվել աղջկա մայր Բրիջիթ Սվիթմանը: Նրա խոսքերով՝ աղջիկն ինքնասպանություն է գործել այն պատճառով, որ դերասանը նրան սեռական հիվանդություններով է վարակել և դեղամիջոցներ է տվել, որպեսզի նա լռի:
Սեպտեմբերին Քեթրիոնայի ամուսինը՝ Մարկ Ռենթոնը, ում հետ աղջիկը ամուսնացած էր 2013 թ.-ից, նույնպես դատի էր տվել դերասանին: Նա նշել էր, որ Քերին Ուայթին դեղահաբեր է տվել, որոնց չարաշահումից էլ Ուայթը մահացել է:
Քեթրիոնա Ուայթն ինքնասպան է եղել 2015 թ.-ի սեպտեմբերին 28 տարեկան հասակում Քերիից բաժանվելուց հետո: Հուլիսին հրապարակվել է նախքան մահանալը նրա գրած վերջին նամակը:
Քերիի և Ուայթի միջև կապը սկսվել է 2012 թ.-ին և ձգվել է մի քանի ամիս: Կապը վերականգնվել է 2015 թ.-ի մայիսին: