Անկարայում բախումները շարունակվում են
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հունիսի 5-ի երեկոյան ևս կատաղի բախումներ են եղել ոստիկանների և հակակառավարական ցույցերի մասնակիցների միջև:
Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, ոստիկանները մեծ քանակությամբ արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են օգտագործել քաղաքի կենտրոնական Քըզըլայ հրապարակում հավաքվել փորձող ցուցարարների դեմ: Այսօր գործադուլ էին հայտարարել մի շարք խոշոր արհմիություններ, որոնց անդամները նույնպես միացել էին ցույցերին:
Նշենք, որ Անկարայում արդեն մի քանի օր շարունակվող կատաղի բախումների ժամանակ մահվան մեկ դեպք է գրանցվել: Ձերբակալվածների և տուժածների թիվը հաշվվում է հազարներով:
Հիշեցնենք, որ արդեն 9 օր շարունակվող հակակառավարական ելույթների համար առիթ էր դարձել Ստամբուլի Գեզի զբոսայգում ծառահատումներն ու կառուցապատման աշխատանքները, ինչը դժգոհությամբ էր ընդունվել ստամբուլցիների մի մասի կողմից:
Տեղային բնապահպանական ցույցից սկիզբ առած բազմամարդ բողոքի ակցիաները վերածվել են հզոր հակակառավարական ցույցերի, որոնք արագորեն տարածվել են Թուրքիայի ողջ տարածքով: Բացի Ստամբւոլի տարբեր թաղամասերից, դրությունը լարված է նաև Անկարայում և Իզմիրում:
Ոստիկանների հետ բախումների հետևանքով տուժածների և ձերբակալվածների թիվն անցնում է մի քանի հազարը։