Թրամփը ողբերգություն է համարել Բեռլինում, Ցյուրիխում և Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները
««Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը և այլ ահաբեկիչները անընդհատ սպանում են քրիստոնյաներին իրենց համայնքներում և պաշտամունքի վայրերում` իրենց ջիհադի շրջանակներում»,- այս մասին հայտարարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ընտրիչների քվեարկությունից հետո իր առաջին հայտարարության մեջ:
Նա այսպիսով մեկնաբանել է Բեռլինի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգությունը:
ԱՄՆ նորընտիր նախագահը նաև Բեռլինում, Ցյուրիխում և Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներն է կոչել ողբերգություն:
Հիշեցնենք, որ երեկ` դեկտեմբերի 19-ին, Բեռլինում Սուրբ Ծննդյան շուկայում բեռնատարը մխրճվել է բազմության մեջ. 12 մարդ է զոհվել, ավելի քան 50-ը վիրավորվել են:
Նույն երեկոյան Ցյուրիխի Իսլամական կենտրոնում կրակոցներ են հնչել, որի արդյունքում վիրավորվել է առնվազն երեք մարդ:
Բացի այդ, Անկարայում «Ռուսաստանը աչքերով թուրքերի» լուսանկարչական ցուցահանդեսի բացման ժամանակ կատարվել է զինված հարձակում և սպանվել է Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը: