Կալիֆորնիայում Թրամփի դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ընտրողների կոլեգիայի քվեարկության նախօրեին Կալիֆորնիայում Դոնալդ Թրամփի դեմ բողոքի ակցիա է անցկացվել: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Նորընտիր նախագահի հռետորաբանությանն ու ծրագրին չհամակրող ավելի քան 2000 մարդ Լոս Անջելեսում բողոքի ցույց են անցկացրել կապված միանգամից 2 իրադարձության՝ ներգաղթյաների օրվա (դեկտեմբերի 18) և ընտրողների կոլեգիայի քվեարկության հետ:
Քաղաքացիների ձեռքին «Կանգնեցրեք Թրամփին», «Փախստականներ, բարի գալուստ» և «Ամերիկան կրկին մտածող դարձնենք» մակագրություններով ցուցանակներ են եղել:
«Ես կցանկանայի բացատրել պարոն Թրամփին, որ մենք՝ ներգաղթյալներս, նպաստում ենք տնտեսության զարգացմանը և ոչինչ անվճար չենք պահանջում»,- ասել է ցուցարարներից մեկը:
Ընտրողների կոլեգիայի քվեարկությունը պետք է անցկացվի դեկտեմբերի 19-ին: Նրանց վրա ճնշումը վերջին օրերին խորացել է: