Ինագուրացիայից առաջ Թրամփը կբնակվի Սպիտակ տան հյուրերի սենյակում
Ինագուրացիայից առաջ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կբնակվի Սպիտակ տան հյուրերի համար պատրաստված հատվածում։ Այս մասին գրում է Lenta.ru-ն։
Թվիթերում նախագահի թիմակիցներից Ջեյսոն Միլլերը ժխտել է լուրերն այն մասին, թե Թրամփը մինչ երդման արարողությունը պատրաստվում է բնակվել Վաշինգտոնի իր «The Trump International Hotel» հյուրանոցում։
«Դա ճիշտ չէ։ Նորընտիր նախագահը կհաստատվի «Բլեր հաուզում»,- գրել է Միլլերը։
Ավելի վաղ Թրամփի՝ հյուրանոցում մնալու մասին լուրերը հաղորդել էր CNN-ը՝ հղում անելով The New York Times-ին։
«Բլեր հաուզ»-ը Սպիտակ տան 4 բնակելի հատվածներից մեկն է, որը նախատեսված է առաջին դեմքերի և նախագահի հյուրերի համար։ Այցելությունների համար այն փակ է։