Մարզպետի նման հայտարարությունից հետո Կառավարությունը պետք է նախաձեռներ նրան պաշտոնանկ անելու գործընթացը
Այսօր` ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձավ Գորիսում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին' ասելով, որ դեպքը անհանդուրժողականության ու անպատժելիության հետևանք է: Արծվիկ Մինասյանը նշեց, որ իր համար անհասկանալի է Սյունիքի մարզպետի «լիազարությունները ժամանակավոր դադարեցնելու» մասին հայտարարությունը, բացի դրանից էլ նման հայտարարությունը հակասահմանադրական է: Պատգամավորի խոսքով' մարզպետին ոչ ոք նման իրավասություններ չի տվել, որ ինքը որոշի, թե երբ է դադարեցնում լիազորությունները կամ մինչև երբ է աշխատելու: Մինասյանն ասաց, որ մարզպետի նման հայտարարությունից հետո կառավարությունը պետք է նախաձեռներ Սուրեն Խաչատրյանին պաշտոնանկ անելու գործընթացը: