Սա մի միջավայր է, որը հնարավորություն է տալիս երիտասարդ ստեղծագործողներին ինքնաարտահայտվել. Աննա Հեքեքյանը՝ «Ունիվերսիադա-2016»-ի մասին (տեսանյութ և լուսանկարներ)
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Հայ-Ռուսական համալսարանում մեկնարկեց «Ունիվերսիադա-2016»-ի շրջանակներում անցկացվող մրցույթներից մեկը՝ թատրոնը:
Այսօրվա թատրոնի մրցույթի մասնակից համալսարաններն էին`
1. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
2. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
3. Վանաձորի պետական համալսարան
4. Հայ-Ռուսական համալսարան
Հաղթող ճանաչվեց Հայ-Ռուսական համալսարանի թիմը:
Միջոցառումն ընթացավ բարձր տրամադրությամբ, իսկ ուսանողների հուզիչ ու տրամադրող ելույթները ոգևորեցին ժյուրիի անդամներին և հանդիսատեսին: Մինչ ժյուրին ամփոփում էր արդյունքները, ուսանողներն իրենց պարով ապահովում էին հանդիսատեսի բարձր տրամադրությունը:
Operativ.am-ի թղթակիցը զրուցեց կինոռեժիսոր, սցենարիստ, բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի անդամ, ակադեմիկոս Աննա Հեքեքյանի հետ, ով պատասխանելով այն հարցին, թե նմանատիպ մրցույթները, որոնք իրականացվում են ուսանողների շրջանում, ինչ են տալիս նրանց կամ թեկուզ բուհին, նա նշեց. «Չգիտեմ՝ բուհին ինչ կարող է տալ, որովհետև դա բուհի համար ծանրաբեռնվածություն է, մեծ աշխատանք՝ կազմակերպել, ընդունել, ճանապարհել, բայց ուսանողներին՝ առաջին հերթին տալիս է հնարավորություն՝ միմյանց ճանաչելու: Ինչպես ասում են. «Մի բուռ ազգ ենք» և լավ կլինի, որ մշակույթի, կիրթ ու ինտիլիգենտ մարդիկ իրար ճանաչեն: Լավ է, որ նրանք իրար ճանաչեն, շփվեն և սա իմ կարծիքով շատ կարևոր հանգամանք է, որովհետև դրա արդյունքում կարող են ստեղծվել նոր մտքեր, և ի վերջո, համագործակցելու համար շատ հարմար միջավայր է»:
Նրա պնդմամբ՝ սա մի միջավայր է, որը հնարավորություն է տալիս երիտասարդ ստեղծագործողներին ինքնաարտահայտվել:
«Հաջող կամ նույնիսկ անհաջող ինքնաարտահայտման փորձը մեծ հնարավորություն է տալիս ուսանողին՝ ավելի լավ ճանաչել իրեն, իր ուժերը և հասկանալ, թե ինչ է ինքը կարող անել կամ ինչ չանել: Հատկապես, եթե վստահում են ժյուրիի դատողությանը և հավատում են նրանց, ապա ժյուրիի կարծիքն էլ կարող է նրանց և՛ ոգեշնչել, և՛ ուղորդել: Ի վերջո, յուրաքանչյուր մասնագետ արվեստի հետ պետք է շփվի, քանի որ վերջինս տալիս է մի հնարավորություն՝ իր մասնագիտության մեջ ավելի լավը լինելու. սա իմ կարծիքն է»,- ասաց կինոռեժիսոր, սցենարիստ, բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի անդամ, ակադեմիկոս Աննա Հեքեքյանը:
Տեղերի բաշխումից հետո ուսանողները մոտեցան ժյուրիի անդամներին և ուշադիր լսեցին նրանց դիտողությունները, որից հետո միասին քննարկեցին թերությունները:
Նշենք նաև, որ միջբուհական մարզամշակութային և ինտելեկտուալ Ունիվերսիադայի բացման հանդիսավոր արարողությունը մեկնարկել է նոյեմբերի 30-ից: Այն կազմակերպում է Հայ-Ռուսական համալսարանը՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ և անց է կացվում ՀՀ և ԼՂՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև: Խաղերին թույլատրվում է մասնակցել 17 տարին լրացած բակալավրիատի, մագիստրատուրայի ուսանողներին ու ասպիրանտներին:
Մրցույթներն անց են կացվում հետևյալ ուղղություններով՝ մարզական, մշակութային, ինտելեկտուալ: Այս տարի մասնակցում է 17 համալսարան, իսկ «Ունիվերսիադա-2016»-ը նվիրված է ՀՀ Անկախության 25-ամյակին և կրում է «Ազգ-բանակ» խորագիրը:
«Ունիվերսիադա-2016»-ը տևելու է մինչև դեկտեմբերի 22-ը և առավելագույն միավորներ հավաքած բուհը կճանաչվի լավագույնը: