Հաշմանդամություն ունեցող անձինք` Երևանի քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրվա առթիվ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը հերթական անգամ այցելել է Հայաստանի կույրերի, ինչպես նաև Հայաստանի խուլերի միավորումներ և Երևանի քաղաքապետի կողմից առավել կարիքավոր 125 շահառուների տրամադրել դրամական աջակցություն:
Երևանի քաղաքապետի անունից ողջունելով ներկաներին` Ռուզաննա Զաքարյանը նշել է, որ հատուկ կարիքներ ունեցող մարդկանց խնդիրները Երևանի քաղաքապետարանի ու քաղաքային իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում են, իսկ ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքի մասին պարբերաբար զեկուցվում է քաղաքապետին:
Հատկանշվել է նաև փաստը, որ քաղաքապետարանը սերտ համագործակցություն է ծավալել ինչպես շահառուների, այնպես էլ ոլորտի խնդիրներով զբաղվող ՀԿ-ների հետ: Հայաստանի կույրերի միավորման փոխնախագահ Մարտին Սարգսյանն ու Հայաստանի խուլերի միավորման նախագահ Գրիգոր Գրիգորյանն իրենց և շահառուների անունից երախտիքի խոսք են հղել Երևանի քաղաքապետարանին՝ կյանքի կոչված բազմաթիվ ծրագրերի ու լուծված խնդիրների համար` առանձնահատուկ շեշտելով Երևանի քաղաքապետի հոգատար վերաբերմունքը:
Ռուզաննա Զաքարյանը Երևանի քաղաքապետի անունից վստահեցրել է, որ ոլորտի դեռևս չլուծված խնդիրներն այսուհետ ևս լինելու են Երևանի քաղաքապետարանի սոցիալական առաջնահերթությունների թվում և քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում աստիճանական լուծում կստանան: