ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի հակամարտությունը 2017 թ.-ի հնարավոր վտանգներից մեկն է
«ԱՄՆ-ի միջազգային հարաբերությունների խորհուրդ» հասարակական կազմակերպությունը 2017 թ.-ի ռազմական գլխավոր վտանգներ է անվանել Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամ երկրների միջև լուրջ ռազմական հակամարտությունը կամ Հյուսիսային Կորեայի լուրջ ճգնաժամը: Այս մասին գրում է «Интерфакс»-ը:
Բացասական սցենարներն ընտրվել են հետազոտության արդյունքում. արտաքին քաղաքականության հարցերով փորձագետները հակամարտությունները գնահատել են դրանց իրականացման հավանականության կամ սրման և ԱՄՆ-ի ազգային շահերի վրա ունենալիք հնարավոր ազդեցության հիմքերով:
Կազմակերպությունը հնարավոր վտանգների մասին հաշվետվություններ է ներկայացնում 2008 թ.-ից սկսած: Հետազոտության հեղինակները դրա կարևորությունը բացատրում են նրանով, որ նորընտիր նախագահի աշխատակազմը պետք է նախապես տեսնի և կանխի հնարավոր ճգնաժամերը, որոնք կարող են ծագել և վտանգ ներկայացնել երկրի շահերին: