ՀՀ մշակույթի նախարարության և Պետական Էրմիտաժի միջև ստորագրվել է համաձայնագիր
Դեկտեմբերի 13-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Պետական Էրմիտաժի և ՀՀ մշակույթի նախարարության միջև Կարմիր բլուրի և նրա շրջակայքի ուսումնասիրության մասին ռազմավարական համաձայնագրի» ստորագրման արարողությունը: Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և Պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին: Այնուհետև, նախարար Ամիրյանը հայտնել է, որ օրեր առաջ նշվել է Միխայիլ Պիոտրովսկու ծննդյան օրը, շնորհավորել է Պիոտրովսկուն և այդ կապակցությամբ նվիրել Հովսեփ Օրբելու հուշադրամ:
Փաստաթղթի ստորագրմանն հաջորդած մամուլի ասուլիսում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշել է. «Ստորագրվել է բազմաժանր, բազմաբնույթ, տարբեր ուղղություններով` գիտական, մշակութային փոխհամագործակցության հուշագիր, որը կծառայի հայկական մշակույթի հանրահռչակմանը»:
Պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու դիտարկմամբ` ստորագրված փաստաթուղթը լուրջ բովանդակություն է պարունակում, այդ թվում` հնագետների և վերականգնողների համատեղ արշավախմբեր և գիտական ուսումնասիրություններ Կարմիր Բլուրի տարածքում, հայ գիտնականների ուսումնասիրություններ Պետական Էրմիտաժում, Երևանի 2800-ամյա և Բորիս Պիոտրովսկու 110-ամյա հոբելյաններին նվիրված միջազգային գիտաժողովներ: