Միջազգային ֆիլատելիստական ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի անկախության 25-ամյակին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը: Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացված ցուցահանդեսում ներկայացվել են 18 մրցութային և 9 արտամրցութային հավաքածուներ՝ նաև Արցախից ու ԱՄՆ-ից ժամանած ֆիլատելիստների կողմից:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսի կազմկոմիտեի նախագահ Վազգեն Մանուկյանի և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանի ուղեկցությամբ շրջել և ծանոթացել է ներկայացված հավաքածուներին:
Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին նախաձեռնությանն աջակցելու համար՝ Հովիկ Մուսայելյանն առանձնակի կարևորել է նմանատիպ ցուցահանդեսների կազմակերպումը և նշել, որ այն ևս իր կարևոր դերակատարումն ունի երկրի պատմության, մշակույթի ու գիտության ճանաչողության համար, քանի որ ֆիլատելիստների տասնյակ հազարավոր նամականիշերը տարածում են գտնում ամբողջ աշխարհում և բարձրացնում են երկրի ճանաչելիությունը:
Ցուցահանդեսի ժամանակ տեղի է ունեցել նաև հատուկ այս առիթով «Հայփոստ»-ի կողմից թողարկված բացիկի մարման արարողություն: