Փարիզում վերջերս հայտնաբերված էսքիզը Լեոնարդո դա Վինչիին է պատկանում
Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանի տնօրեն Կարմեն Բամբախը հաստատել է ավելի վաղ գտնված նկարի՝ Լեոնարդո դա Վինչիի վրձնին պատկանելու փաստը: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով թանգարանի կայքէջին:
«Սա ուշագրավ բացահայտում է»,- ասել է փորձագետը: Բամբախի կարծիքով՝ կտավը թվագրվում է 1482-1485 թթ., երբ նկարչի ստեղծագործական ուղին անցում է կատարում միլանյան փուլ: Նա ավելացրել է, որ դա Վինչիի՝ կտավի հեղինակը լինելու փաստն անվիճելի է:
Էսքիզը գնահատվել է 15,8 միլիոն դոլար: Նկարում պատկերված է սուրբ նահատակ Սեբաստյանը: Կտավը ևս 14 այլ աշխատանքների հետ Փարիզի «Tajan» աճուրդի տուն է բերել Թադե Պրատը, ով էլ այն ձեռք է բերել հորից: