Թուրքիայում բողոքի ակցիաները հրահրվում են դրսի՞ց
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ ցուցարարների շարքերում կան նաև օտարերկրյա սադրիչներ:
Այսպես' «Ջիհան» լրատվական գործակալությունը գրում է, որ Բեշիկթաշում ոստիկանության վրա հարձակված ցուցարարները ձերբակալվել են, որոնց մեջ կան նաև դեպքերը սադրող օտարերկրյա քաղաքցիներ:Նշվում է, որ ի սկզբանե պնդումներ են եղել Գեզի զբոսայգու շուրջ ծավալվող գործողություններում արտասահմանցի սադրիչների առկայության մասին:
«Յենիշաֆակ» լրատվական կայքը նշում է, որ տեղեկատվությունը, թե Գեզի զբոսայգու բողոքի ակցիաները հրահրվում են օտարերկրյա սադրիչների կողմից ապացուցվել է: Կայքը տեղեկացնում է, որ Անկարայում երիտասարդներին հրահրող Շայան Շամլոն անունով իրանցի է ձերբակալվել: Անկարայի ոստիկանությունը փորձում է պարզել ձերբակալվածի կապերը:«Ջիհան» գործակալությունը ցույցերի 8-րդ օրվա դեպքերի զարգացումների վերաբերյալ ուշագրավ դիտարկում է արել: Ցուցարարները պաշտպանիչ հագուստներ և միջոցներ են սկսել օգտագործել: «Առաջին օրերի համեմատ աչքի է ընկնում, որ ցուցարարները դեմքերին ակնոցներ, գլխներին սաղավարտ և արցունքաբեր գազի դեմ դիմակ են օգտագործում և զրահաբաճկոնի նմանվող պլաստիկ պաշտպանիչ հագուստներ են կրում: Ոստիկանության կողմից կիրառվող արցունքաբեր գազի դեմ օգտագործում են լազերային լույս»,- գրում է լրատվականը:
Նշենք, որ դեպքերը որոշակի կողմնապահությամբ լուսաբանվող թուրքական լրատվամիջոցները ժամանակ առ ժամանակ շարժումը նսեմացնող տեղեկություններ են հաղորդում, ինչպես նաև աշխատում են սոցցանցերում տարածված լուրերը հերքել: