Ինչպես է ծագել Ախուրյանի անունը
Ախուրյան գյուղը հիմնադրվել է 1828-1829 թվականներին Արևմտյան Հայաստանի Բասենի, Ղարսի, Սեբաստիայի, Ալաշկերտի գավառներից տեղահանված հայերի կողմից։ Գյուղի հիմնադիրները եղել են Ճանճուռյանների, Բաղդիայնների, Մաթոսյանների տոհմից։
Մինչ 1945 թ.-ը գյուղը կոչվել է «Դուզքենդ»՝ հարթ գյուղ։ Մ.թ.ա VIII դարում Արգիշտի թագավորը Բասենում Ախուրյան անունով քաղաք է հիմնադրել, որի անունով «Արփաչայ» գետը կոչվել է Ախուրյան, այնուհետև ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1945 թվականի որոշմամբ գյուղը վերանվանվել է Ախուրյան՝ Արփի լճից սկիզբ առնող և Արաքս գետի աջ վտակը հանդիսացող Ախուրյան՝ «Արփաչայ» գետի անվամբ։
Ախուրյան անվան ծագման վարկածներից մեկը հետևյալն է. հաճախակի երաշտներից, աղետներից դառնացած հողագործը նայել է կիրճով հոսող գետին և հառաչել. ախ ուր, ախ ուր։ Հառաչանքը խառնվել է հոսող ջրի ձայնին և գետակը ստացել է Ախուրյան անվանումը։
Սակայն Ախուրյան անունը շատ հին է, այն առաջացել է Վանի արձանագրություններում հիշատակված «Եթիումի երկիր» Սարիղամիշի մոտակայքում գտնվող Ախուրյանի երկրամասի անունից։