Թուրքիան մասնակցում է Հալեպի արևելյան մասից զինյալների դուրսբերման աշխատանքին. Յըլդըրըմ
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիան մասնակցում է Հալեպի արևելյան մասից զինյալների դուրսբերման աշխատանքին:
«Այժմ հենց այդ հարցով զբաղվում է Թուրքիան: Ի սկզբանե մեր ջանքերն ուղղված են եղել Հալեպից ահաբեկչական խմբավորումների դուրբերմանը», - ասել է Յըլդըրըմը.
Նա խոսել է Թուրքիայի պատրաստակամության մասին պայքարել ներկա պահին Հալեպի արևելքում գտնվող գրոհայինների դեմ:
«Պետք է հստակ բաժանել նրանց, ովքեր պայքարում են իրենց երկրի ազատագրման համար և նրանց, ովքեր հայտնի են որպես ահաբեկչական կազմակերպություններ: Մեր ընդհանուր նպատակը ահաբեկչական խմբերի դեմ պայքարն է: Հետևաբար, մենք անում ենք հնարավոր ամեն ինչ այդ ուղղությամբ», - հայտարարել է Թուրքիայի վարչապետը:
Նախօրեին Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Յըլդըրըմի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ երկխոսությունը Մոսկվայի և Անկարայի միջև ամբողջությամբ վերականգնվել է և կշարունակվի նաև ապագայում: