Հնարավոր է, որ «Եվրատեսիլ-2017»-ը Կիևից տեղափոխվի Մոսկվա
«Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի կազմկոմիտեն 2017 թ.-ի մրցույթի անցկացման հնարավոր պաշտոնական վայր է դիտարկում Մոսկվան, քանի որ ուկրաինական մայրաքաղաքը հետ է մնում մրցույթի կազմակերպման աշխատանքներից: Այս մասին հաղորդում է գերմանական Bild ամսագիրը` հղում անելով «Եվրատեսիլի» կազմկոմիտեի աղբյուրներին:
Հաղորդվում է, որ այդ քննարկումների պատճառներից է այն հանգամանքը, որ ուկրաինական կողմը ֆինանսավորման խնդիրներ ունի:
Նշվում է, որ Ուկրաինան իրավունք է ստացել հյուրընկալելու մրցույթը այն բանից հետո, երբ նախորդ «Եվրատեսիլ»-ում, որը տեղ էր ունենում Շվեդիայում, հաղթեց Ուկրաինայի մասնակից Ջամալան իր «1944» երգով, որը շատերի գնահատմամբ հակառուսական էր, ուստի մրցույթի կորուստը կարող է շատ տհաճ իրադարձություն լինել Կիևում:
«Կա իրական վտանգ, որ մրցույթը կարող է տեղի ունենալ մեկ այլ երկրում: Մեզ համար դա աղետ կլինի», - ասել է խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի ներկայացուցիչ Աննա Գոպկոն: