Էրդողանի հրաժարականն են պահանջում բնապահպանները, ձախերը, միասեռականներն ու ազգայնականները. թուրքագետ
Թուրքագետ Արտակ Շաքարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին, հիշեցրեց, որ Ցեղասպանությունից հետո Մուստաֆա Քեմալը և իր ղեկավարած Թուրքիան հայերի ձեռքից բռնազավթեցին հայկական գերեզմանոցը և ստեղծեց Գեզիի այգին:
Էրդողանի իշխող կուսակցությունը սկզբում որոշեց այդ այգու վայրում կառուցել առևտրի մեծ սրահ, այնուհետև որոշում կայացրեցին այգու հրապարակում մզկիթ կառուցել:
Արտակ Շաքարյանի խոսքով` այդ նախաձեռնության դեմ ուղղվեց չորս բնապահպանների ակցիան, սակայն ոստիկանության անհամաչափ ուժի գործադրումից բնակչությունն ավելի է ոգևորվել և այսօր նրանց թիվը հասնում է 200 հազարի:
«Ներկայումս փողոցում ոչ միայն բնապահպաններն են, այլ նաև ձախերը, միասեռականները, ազգայնականները, ովքեր պայքարում են Էրդողանի դեմ և պահանջում նրա հրաժարականը»,-ասաց թուրքագետը հավելելով, որ շատերը կարծում են, թե Էրդողանի վերջը մոտալուտ է, սակայն ընդդիմադիրները չունեն մի կերպար, որի շուրջ կարող են համախմբվել:
«Բանակը հիմնականում ազգայնական ուղղվածություն ունի, և Էրդողանն ավելի շատ շեշտը դնում է ոստիկանության վրա: Եթե բանակը մտնի Ստամբուլ կարելի է խոսել ռազմական հեղաշրջման մասին, և Էրդողանը զգուշանում է բանակի վրա խաղադրույք կատարելուց»,-ասաց Արտակ Շաքարյանը և հայտնեց, որ ձախերից շատերը, ովքեր կանգնած են շարժման հիմքում, ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, սակայն ազգայնականներն են մտել խաղի մեջ և փորձում են ազգայնականացնել շարժումը:
Նա գտնում է, որ Էրդողանը ազգամիջյան բախումներ կատարելու համար ամբոխին շեղում է հայկական, հունական, հրեական փոքրամասնությունների խանութների, համայնքների դեմ:
«Պաշտոնական տվյալներով կա 1500 վիրավոր կա, չնայած հասարակության մեջ խոսքը գնում է 3 հազար վիրավորի մասին»: