Ադրբեջանը պատրաստ է միանալ ՕՊԵԿ-ի նախաձեռնությանը
Ադրբեջանը հայտնել է իր պատրաստակամությունը մասնակցելու ՕՊԵԿ-ի անդամ երկրների և այլ նավթ արտադրող երկրների հանդիպմանը, որն անցկացվելու է դեկտեմբերի 9-ին՝ Դոհայում: Այս մասին գրում է Dw.com-ը՝ հղում տալով Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նաթիգ Ալիևի կատարած հայտարարությանը:
«Եթե մենք համապատասխան առաջարկ ստանանք, հանդիպմանը մասնակցելու անհրաժեշտություն ծագի, ապա Ադրբեջանը կմիանա դեկտեմբերի 9-ի բանակցություններին.-ասել է ադրբեջանցի նախարարն ու հավելել,-«Ադրբեջանը պատրաստ է ընդունել առաջարկները և դրանով իր ներդրումն ունենալ նավթի գնի հարցում»:
Ալիևը նաև նշել է, որ Բաքուն ողջունում է նավթի արդյունահանման ծավալների կրճատման մասին որոշումը, որը կայացվել է նոյեմբերի 30-ին` Վիեննայում ՕՊԵԿ-ի անդամ երկրների ներկայացուցիչների հանդիպմանը: