Սուրեն Խաչատրյանն ո՞վ է, որ որոշի հրաժարական տա թե չտա.Ռուբեն Բաբայան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ երգիչ երգահան Վահան Արծրունին և Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանն իրենց կարծիքը հայտնեցին Գորիսում և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի ունեցած դեպքերի մասին:
«Կրիմինալը մեր երկրում ամեն տեղ է , սակայն այն չի կարող հենարան լինել մեր պետության գոյատևման համար, եթե այն ընտրում ենք, որպես հենարան, ապա ամեն տեղ տեսնում ենք դրա դրսևորումները: Պա՞րզ չէր, որ Գորիսում վերջիվերջո այդպես էլ վերջանալու էր, պա՞րզ չէր, որ նման ելք էր ունենալու։ Նժդեհի մոտ որտե՞ղ է գրված, որ կնոջը պետք է ապտակել կամ հայհոյել»»,- ասաց Ռուբեն Բաբայանը:
Նա համեմատություններ անցկացրեց բեմադրության և պետության կառավարման միջև. «Կա մի շատ պարզ տրամաբանություն, եթե իմ բեմադրած ներկայացումից հանդիսատեսը դուրս է գալիս, նշանակում է ես վատ ռեժիսոր եմ, ես չեմ կարող բեմադրություն անել: Հասարակական կյանքում եթե իրենց բեմադրած ներկայացումից հանրությունը դուրս է գալիս, նշանակում է վատ են անում իրենց գործը, քանի որ հիմնված են ոչ թե մասնագետների, այլ կրիմինալի վրա»:
Նա գտնում է, որ այս խնդիրը մեր երկրում տնտեսական բնույթ է կրում: «Հիմա հանքերի համար է կռիվ գնում և դրանց համար մարդիկ պատրաստ են իրար կոկորդ կտրել»:
Ռուբեն Բաբայանի կարծիքով` Սուրեն Խաչատրյանը չունի այն լիազորությունները, որ որոշի հրաժարական տալու կամ չտալու մասին: «Նայեք նրա դեմքին. Ոչ մի հետաքրքիր բան չեք գտնի: Կարծես ծաղրածու լինի, եկել մարզպետ է դարձել: Պետք է աշխատի օրենքը , ոչ թե իշխանությունը և անմիջապես պետք է պատժել հանցագործությունը: Եթե նորմալ երկիր լիներ անմիջապես կձերբակալեր նրան, թող գնար բանտում քներ, այլ ոչ թե որոշեր հրաժարական տալու կամ չտալու մասին»:
Իսկ երգահան Վահան Արծրունու կարծիքով բնակչությունը նման դեպքերում ուրիշ ոչ մի բան չի կարող անել, բացի իշխանությունից հրաժարվելը: «Մի հսկայական զանգված սկսում է ճամպրուկներ հավաքել և հեռանալ Հայաստանից: Նրանց համար ավելի լավ է օտար տիրույթում զրկանքներ տանելը , քան իրենց հայրենիքում նման բաների ականատես լինելը»: