Այսօր Թուրքիայում 240 հազարանոց գործադուլ է սպասվում
Թուրքական «Միլլիյեթ» թերթը մեջբերելով Հասարակական աշխատանքների արհմիությունների կոնֆեդերացիայի ինտերնետային կայքում տեղ գտած հայտարարությունը հաղորդում է, որ այսօր Թուրքիայում մասշտաբային գործադուլ է սպասվում:
Նշյալ հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «ՀԱԱԿ գործադիր խորհուրդը ավելի վաղ որոշում էր կայացրել աշխատանքի անվտանգության և աշխատանքային պայմանների խնդրով հունիսի հինգին գործադուլի դուրս գալ, սակայն վերջին օրերին կատարվող իրադարձությունների պատճառով արդեն ոչ միայն աշխատանքի, այլ նաև կյանքի անվտանգության մարդավայել կյանքի և ժողովրդավարության պահանջները ներկայացնելու համար գործադուլը վաղը կեսօրին սկսելու որոշում է կայացվել»:
Հաղորդվում է, որ ՀԱԱկ կազմի մեջ են մտնում 11 արհմիություններ, որոնց անդամակցողների թիվը հասնում է ավելի քան 240 հազարի:Թուրքական մեկ այլ՝ Հեղափոխական աշխատավորների արհմիությունը ևս հայտարարել է, որ հավաք է կազմակերպելու երեկ հրավիրված նախագահների խորհրդի արտահերթ նիստի որոշումների մասին իր անդամներին տեղեկացնելու համար: