Սերժ Սարգսյանն Արմեն Ամիրյանի հետ քննարկել է նախարարության նոր նախաձեռնությունները (լուսանկարներ)
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը զեկուցել է նախարարության գործունեության գերակա ուղղություններից մեկի՝ Հայաստանում և արտերկրում հայկական մշակույթի հանրահռչակման ու զարգացման, մայրաքաղաքից բացի մարզերում ևս մշակութային կյանքի աշխուժացման ուղղությամբ նախարարության նոր նախաձեռնությունների մասին, որոնց Սերժ Սարգսյանն անդրադարձել էր օրերս՝ ՀՀԿ 16-րդ համագումարում հնչեցրած զեկույցի ժամանակ:
Արմեն Ամիրյանը Հանրապետության նախագահի հետ քննարկել է դրանց իրականացման, Հայաստանը մշակույթի միջոցով միջազգային հարթակներում լավագույնս ներկայացնելու հնարավորությունները:
Նախարարը փոխանցել է նաև ՀՀ Նախագահի հետ մշակույթի գործիչների հանդիպման խնդրանքը: Նախագահը սիրով համաձայնել է հանդիպելու և զրուցելու նրանց հետ, նշելով, որ ինքն էլ այդպիսի հանդիպման անհրաժեշտություն ունի, իր մոտ էլ շատ հարցեր են կուտակվել և խնդրել է պատրաստ լինել անկեղծ զրույցի:
Արմեն Ամիրյանն առաջարկել է ստեղծել համահայկական սիմֆոնիկ նվագախումբ, որի կազմում կընդգրկվեն աշխարհի տարբեր ծայրերում հանդես եկող մեր տաղանդավոր հայրենակիցները: Առաջին համերգը, ըստ նրա, նախատեսվում է իրականացնել Երևանում, 2017թ. ապրիլի 24-ին, այնուհետև նվագախումբը տարվա ընթացքում հանդես կգա համերգներով արտերկրի մի շարք հայաշատ քաղաքներում:
Հանրապետության Նախագահը ողջունել է գաղափարը, ընդգծելով, որ այն գրեթե ամբողջությամբ համապատասխանում է Հայաստան-սփյուռք համագործակցության մասին իր պատկերացումներին ու համոզմունքին և ինչ-որ տեղ նաև խորհրդանշական գաղափար է. այն առաջին հերթին նշանակում է ներդաշնակություն, միասին աշխատելու կարողություն և, թերևս, նվագախումբը կարող է ներդաշնակ ու միասնական աշխատանքի օրինակ հանդիսանալ մյուս ոլորտներում: