Փարիզի Աստվածամոր տաճարը
Փարիզի Աստվածամոր տաճար (Նոտր-Դամ-դը-Պարի, ֆր.՝ Notre Dame de Paris, nɔtʁ dam də paʁi), Փարիզ քաղաքի նշանավոր եկեղեցի։ Տեղակայված է Սիտե կղզու արևելյան մասում։ Փարիզի Աստվածամոր տաճարը սկսել են կառուցել 1163 թ. Սուրբ Ստեփանոսի բազիլիկ եկեղեցու տեղում, որն իր հերթին հիմվել էր հեթանոսական Յուպիտերին նվիրված տաճարի վրա։ Կառուցումը տևել է մոտ 200 տարի։
Տաճարի մուտքային մասը բաղկացած է երեք կամարներից։ Մեջտեղինը պատկերում է Ահեղ դատաստանը։ Բարձրության վրա պատկերված է Հիսուսը, իսկ նրա կողքերում առաքյալներն են, 6-ը՝ աջից, 6-ը՝ ձախից։ Ձախ կամարը նվիրված է Տիրամորը, աջը՝ Սուրբ Աննային։ Վերևում Բիբլիական թագավորներն են։ Կենտրոնում Վարդն է, Տիրամայրը Սրբերի հետ։