Մետրոպոլիտենի կառուցման նախագծի մասին
Ի սկզբանե կառուցման նախագիծը հաստատվել է որպես ստորգետնյա տրամվայի նախագիծ, սակայն հետագայում այն վերափոխվել է մետրոյի։ Կառուցումն սկսվել է 1972 թ., սակայն, քանի որ հինգ տարի անց ճանապարհի միայն 3,9 կմ էր պատրաստ, 1977-ին կոմունիստական կուսակցությունը որոշում կայացրեց սովետական այլ քաղաքներից (Մոսկվայի, Լենինգրադի, Մինսկի կամ Թբիլիսիի) օգնության կանչել նման աշխատանքների փորձ ունեցող մասնագետների։
Մետրոպոլիտենը բացվեց 1981 թ. մարտի 7-ին։ Հետագա տարիների ընթացում այն ընդլայնվեց դեպի քաղաքի հարավային մասերը։ Վերջին կայարանը (Չարբախ) շահագործման է հանձնվել 1996 թ.:
Մետրոպոլիտենի կառուցումն ու ընդլայնումը կատարվել է Կարեն Դեմիրճյանի ղեկավարության օրոք և նրա անմիջական հովանավորությամբ։ 1999-ի դեկտեմբերի 28-ին Երևանի մետրոպոլիտենը կոչվեց հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում ահաբեկչական գործողության ժամանակ սպանված Կարեն Դեմիրճյանի անունով։
Կառուցման բարձր որակի շնորհիվ մետրոպոլիտենը 1988-ի կործանարար երկրաշարժի ժամանակ չկրեց որևէ լուրջ վնաս, և շարունակեց գործել արդեն իսկ հաջորդ օրը։ Սակայն երկրաշարժը դարձավ մետրոպոլիտենի ընդլայնման աշխատանքների դադարեցման գլխավոր պատճառներից մեկը՝ դադարեցվեցին Աջափնյակ և Դավիթաշենի թաղամասերում մետրոյի կայարանների կառուցման աշխատանքները, քանի որ հանրապետության ամբողջ շինարարական ռեսուրսները ուղղվել էր ավերված շրջանների վերականգմանը։
1990-ականների սկզբի ճգնաժամի ընթացքում հասարակական տրանսպորտի միակ տեսակն էր, որ չէր դադարեցրել իր աշխատանքը