Նյու Յորքի իշխանությունները չեն օգնի Թրամփին ապօրինի ներգաղթյալների արտաքսման գործում
Նյու Յորքի իշխանությունները չեն օգնի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին անօրինական ներգաղթյալների ձերբակալության և արտաքսման գործում: Այս մասին հայտարարել է Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն:
Ելույթ ունենալով Նյու յորքի «Cooper Union» քոլեջում՝ վերջինս նշել է, որ իր ղեկավարած քաղաքային ծառայությունները ոչ միայն չեն օգնելու ապօրինի ներգաղթյալների որոնման հարցում, այլև մտադիր են հակազդել Սպիտակ տան այդպիսի միջոցներին, եթե զգան, որ դրանք խախտում են նյույորքցիների իրավունքները:
«Մենք կօգտագործենք մեր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները մեր քաղաքացներին պաշտպանելու համար»,- ասել է քաղաքապետը:
Ըստ Նյու Յորքի քաղաքապետարանի տվյալների՝ այժմ այնտեղ ապրում է մոտ մեկուկես միլիոն անօրինական ներգաղթյալ, որոնց մի մասը գտնվում է տեղի իշխանությունների հովանու ներքո՝ քաղաքում ընդունված վարչաիրավական նորմերի շնորհիվ:
Քաղաքապետը նշել է, որ քաղաքային իշխանությունները դատական կարգով կվիճարկեն դաշնային իշխանությունների կողմից քաղաքում բնակվող մահմեդականներին «գրանցելու» փորձերը: