Վանի Լիմ կղզու եկեղեցու ավերակները (լուսանկարներ)
Լիմ, (թուրք.՝ Adır Adası) կղզի Վանա լճում։ Հայոց Մեծ եղեռնի ժամանակ շուրջ 12 000 կանայք և երեխաներ 3 օրվա ընթացքում անցել են կղզի, իսկ նրանց անցումը հսկել են մի քանի հայկական ֆիդայական ջոկատներ:
Լիմը ափից հեռու է մոտ 1 կմ։ Վանա լճի կղզիներից ամենամեծն է. երկարություն՝ 2 կմ է, լայնություն՝ 0.5 կմ։ Վաղ ժամանակներում միացած է եղել ցամաքին, որից անջատվել է ջրի մակարդակի բարձրացման հետևանքով։ Մակերևույթը հարթ է, լանդշաֆտը՝ չոր տափաստանային։
Ըստ ավանդության՝ 4-րդ դարի սկզբին Գրիգոր Լուսավորիչը Լիմում հիմնադրել է Լիմի անապատը, որտեղ 14-րդ դարի սկզբին գործել են երեք եկեղեցի՝ սուրբ Աստվածածին, սուրբ Կարապետ և սուրբ Գևորգ եկեղեցիները։ Լիմի անապատը ծաղկում է ապրել 17-րդ դարում, երբ 1622 թվականին Սյունյաց Մեծ անապատից այստեղ է տեղափոխվել Ներսես Մոկացի վարդապետն իր աշակերտներով և հիմնադրել բարձրագույն դպրոց, որը գոյատևել է մինչև 19-րդ դարը։
Կղզու վրա մինչ այժմ պահպանվում են Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու ավերակները[2]։ Այն կառուցվել էր 1305 թվականին, իսկ հավելյալ շինությունները կառուցվել են 1621 և 1766 թվականներին։ Պահպանվում են նաև գերեզմաններ ու խաչքարեր։