Այսօր Տաթևիկ Հովհաննիսյանի ծննդյան օրն է
«Սա լավագույն նոր ձայնն է ջազում, որ լսել եմ վերջին քսանհինգ տարիներին»: Ահա այսպես է արտահայտվել Ջորջ Ավագյանը հայազգի ջազերգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանի մասին:
Տաթևիկ Հովհաննիսյանը համարվում է խորհրդային ջազի «թագուհին» , նույնիսկ ԱՄՆ մեկնելուց բազում տարիներ անց նրա կատարումները դեռ անգերազանցելի են ջազի ոլորտում:
Տաթևիկ Հովհաննիսյանը ծնվել է 1955թ. հունիսի 3-ին, Երևանում: Երգչուհի Օֆելյա Համբարձումյանի և քամանչահար Նորայր Հովհաննիսյանի դուստրն է: Երաժշտական առաջին փորձերը սկսել է անգլիական թեքումով դպրոցում, որտեղ գործում էր նաև երգչախումբ: Դպրոցն ավարտելուց հետո, դարձել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի, ապա՝ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի սան և հաջողությամբ ավարտել այն՝ որպես խմբավար:
Երգչուհին առաջին անգամ մեծ բեմում է հայտնվել 70-ականներին, Պետական նվագախմբի կազմում` Կոստանդին Օրբելյանի ղեկավարությամբ: Նրան անմիջապես նկատեցին: Ինը տարի շարունակ Տաթևիկ Հովհաննիսյանը երաժշտական քննադատների կողմից Խորհրդային Միության լավագույն ջազ երգչուհի է համարվել:
80-ականներին ճակատագրի բերումով Տաթևիկ Հովհաննիսյանը հայտնվեց ԱՄՆ-ում և բնակություն հաստատեց Նյու Յորքում: Նրան հաջողվեց հաստատվել ջազի հայրենիքում: Սակայն այս բոլոր տարիների ընթացքում նա հավատարիմ է մնացել իր կոչմանը. միշտ ջազ է երգում:
Operativ.am-ը շնորհավորում է երգչուհուն ծննդյան կապակցությամբ և մաղթում երկար տարիների կյանք, ստեղծագործական բուռն ուղի և նորանոր հաջողություններ: