Ասում են՝ ծիծաղելով մարդկությունն ուղղում է իր սխալները և հրաժեշտ է տալիս անցյալին. Սերժ Սարգսյան
Նախագահի խոսքը Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի 75-ամյակի առթիվ տոնական միջոցառման ժամանակ
Բարի երեկո, հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Բարի երեկո, սիրելի՛ պարոնյանցիներ,
Ես սրտանց շնորհավորում եմ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հիմնադրման 75-ամյակի կապակցությամբ: Այս տոնը ոչ միայն պարոնյանցիների, ոչ միայն թատերասերների, այլ նաև մեր ողջ ժողովրդի տոնն է, որովհետև լինելով մայրաքաղաքի, Հանրապետության կարևորագույն մշակութային օջախներից մեկը՝ թատրոնը կրթել և դաստիարակել է սերունդներ:
Տասնամյակներ շարունակ այս թատրոնի շուրջ են համախմբվել տաղանդաշատ արվեստագետներ, հայոց բեմի իրական նվիրյալներ՝ Շարա Տալյան, Արտեմի Այվազյան, Կարպ Խաչվանքյան և ուրիշներ, ովքեր ծալք առ ծալք կերտել են հայկական երաժշտական թատրոնի դիմագիծը, և այդ դիմագիծը դարձել է բարետես, հաճելի ու մեզ համար ընդունելի:
Այս թատրոնի յուրահատուկ և մշտական այցեքարտն է եղել սուր երգիծանքը: Ասում են ծիծաղելով՝ մարդկությունն ուղղում է իր սխալները և հրաժեշտ է տալիս անցյալին: Մենք շատ սխալներ ունենք ուղղելու՝ ինչպես մեր, այնպես էլ ուրիշների և կարիք ունենք շատ բաների հրաժեշտ տալու: Իհարկե, մեր իրականության մեջ, և ոչ միայն այսօրվա, բազմաթիվ են ձեռբերումները՝ մեր մշակույթը հոյակապ է, ազգապահպան, մշտապես զարգացող, բայց, իրոք, կան հոռի երևույթներ, որոնց մենք վաղուց արդեն պետք է հրաժեշտ տայինք:
Վստահ եմ, որ այս կոլեկտիվի, այս թատրոնի լավագույն ներկայացումները դեռևս առջևում են: Եվ վստահ եմ, պարո՛ն Ղազանչյան, որ 30-40 տարի հետո էլ մարդիկ կհավաքվեն, շնորհակալություն կասեն նրանց, ովքեր անցել են առաջին հարյուրամյակը, իրենց վերաբերմունքը նրանց կցուցաբերեն, իսկ ձեր նոր, գերազանց ներկայացումները կվկայեն մեր երկրի և հասարակության ձեռքբերումների մասին:
Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում եմ բոլորիս, մաղթում ձեզ նորանոր ձեռքբերումներ:
Շնորհակալություն: