Այսօր հայ վիպասան Պերճ Պռոշյանի ծննդյան օրն է
Պերճ Պռոշյան ծնվել է 1837 թվականին: 1856–ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, որտեղ և ձևավորվել են նրա ազգային–դեմոկրատական ըմբռնումները՝ Պ. Շանշյանի ազդեցությամբ։ Շուրջ մեկ տարի սովորելով Թիֆլիսի արքունական գիմնազիայում՝ 1857–ին վերադարձել է Աշտարակ և նշանակվել ծխական դպրոցի տեսուչ։ Միաժամանակ վարել է գավառական գործակալի քարտուղարի պատմականությունը, որը հնարավորություն է տվել նրան մոտիկից ծանոթանալու գյուղի կյանքին։
1879–ին «Փորձ» ամսագրում տպագրվել է Պռոշյանի «Հացի խնդիր» վեպը, որը մնայուն տեղ է գտել հայ ռեալիստական վեպի պատմության մեջ։ Նահապետական գյուղը ներկայացնելով երկու ներհակ ուժերի բախման մեջ՝ գրողն իրար է հակադրել կյանքի երկու ընբռնում, կեցության երկու ձև։ Մեկը նահապետական համայնքն էր, որ ձգտում էր պահպանել իր գոյության դարավոր իրավունքը, մյուսը՝ կապիտալի նախնական կուտակումը, որ խարխլում էր առաջին հիմքերը։ Դարաշրջանի սոցիալական այս դրաման ներկայացվում է Խեչանենց Խաչանի և Միկիտան Սաքոյի բախումով։ Կապիտալիստական հարաբերությունների ներխուժումով քանդվում է նահապետական գյուղը, ենթարկվում դասակարգային շերտավորման, գյուղացին զրկվում է հողին և ունեցվածքին կապված լինելու իրավունքից։ Ցույց տալով տնտեսական քայքայման անխուսափելիությունը՝ Պռոշյանը չկարողացավ ըմբռնել այդ երևույթի սոցիալական անհրաժեշտությունը։
Պռոշյանի գրչին են պատկանում նաև հայ թատրոնի, դպրոցի, մանկավարժության վերաբերյալ բազմաթիվ հուշապատում–հոդվածներ։ Նրա թարգմանությամբ լույս են տեսել Չ. Դիքենսի «Դավիթ Կոպպերֆիլդ»–ը, Լ. Տոլստոյի «Մանկություն և պատանեկություն»–ը և այլ գրողների ստեղծագործություններ։
Լինելով հայ դասական գրականության ականավոր դեմքերից՝ Պռոշյանը խոշոր ավանդ է ներդրել ազգային ռեալիզմի ձևավորման ու զարգացման գործում։ Պատկերելով «գյուղացիական կյանքն իր ամբողջ մերկությամբ և ներկայացնելով «գյուղական մի ամբողջ ալբոմ»՝ նա կատարելագործել է հայ արձակի տիպականացման արվեստը և որակական նոր աստիճանի բարձրացրել ռեալիզմի գեղագիտությունը։ Պռոշյանի վեպերը հսկայական նյութ են տալիս 19-րդ դարի հայ գյուղացիության պատմության վերաբերյալ և որպես անկրկնելի վավերագրեր այսօր էլ պահպանում են իրենց ճանաչողական ու գեղարվեստական արժեքը։