Իտալական խոհանոցի գաղտնիքիները
Իտալացիների խոհանոցը աշխարհի ամենալավ խոհանոցն է համարվում: Ֆրանսիական խոհանոցը, որ երկրորդ տեղում է իտալականից հետո, լավն է պարզապես այն պատճառով, որ Եկատերինա Մեդիչին, ամուսնանալով Հենրիխ II Նավարացու հետ, խոհեմություն ունեցավ իր հետ վերցնելու իտալացի խոհարարների։ Ի դեպ, հայտնի շամպայնը հայտնագործվել Է իտալացի բենեդիկտյան միաբան Ֆրանչեսկո Սկակիի կողմից, որն էլ 1335 թ–ին գրի առավ գազով գինու բաղադրատոմսը։ Իտալական խոհանոցը հիրավի հանճարեղ է. պատահական չէ, որ 15-րդ դարում դեռևս անհայտ Լեոնարդո դա Վինչին Ֆլորենցիայում Վերոկիոյի քանդակագործության դպրոցն ավարտելուց հետո աշխատեց «Tre lumache» (Երեք խխունջ) ռեստորանում նախ որպես մատուցող, ապա՝ խոհարար։ Իտալական «պաստան», պանիրները, ապուխտը, պաղպաղակը, սուրճը և նույնիսկ պիցցան, որն առաջինն է մտաբերվում իտալական խոհանոցի մասին խոսելիս, իրականում ոչ այլ ինչ են, քան ընդամենը համտեսներ։
Ըստ ամերիկյան Journal of Medecine-ի՝ իտալական խոհանոցին նախապատվություն տվողների մոտ 33%-ով նվազում է մահացությունը, 24%-ով՝ ուռուցքների գոյացության վտանգը։ Իտալական խոհանոցը (slow food), սակայն, ոչ միայն առողջարար է, այլև համեղ, նախընտրելի և բազմազան նաև այն պատճառով, որ ըստ խոհանոցի գիտակների՝ համակցված է մի շարք մարսողական խմիչքներով (grappa, sambuca) և, իհարկե, հայտնի իտալական գինիներով ու spumante–ով։