Նուբարաշեն համայնքի անվան ծագման մասին
Համայնքն անվանվել է ի պատիվ մեծ բարերար և բարեգործ Պողոս Նուբարի։ 1930 թվականին Ֆիլադելֆիայի ժողովը միաձայն որոշում է Լոնդոնում կազմակերպել հանգանակություն և կուտակած գումարով Հայաստանում կառուցել ավան՝ ի պատիվ Պողոս Նուբարի՝ հայ ժողովրդին իր անձնուրաց նվիրման համար և այդ ավանը անվանում են Նուբարաշեն։ Պողոս Նուբարը ուրախությամբ միանում է նախաձեռնությանը և տալիս 100,000 ԱՄՆ դոլար։
1931 թվականին հայ ականավոր ճարտարապետ, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը կազմում է Նուբարաշենի հատակագիծը և անձամբ հետևում շինարարությանը։ 1932 թվականին հիմնվում է Նուբարաշենը, որտեղ Հունաստանից, Բուլղարիայից, Ֆրանսիայից, Լիբանանից, Սիրիայից ներգաղթածներ են բնակություն հաստատում։ Ստալինյան բռնապետության տարիներին (1938) Նուբարաշենը վերանվանվել է Սովետաշեն։ 1990 թվականին թաղամասի բնակչության պահանջով, ՀԽՍՀ գերագույն խորհրդի որոշմամբ Սովետաշենը վերստին ստանում է իր նախկին անվանումը՝ Նուբարաշեն։
Նուբարաշենն ունի 2 հանրակրթական, 1 հատուկ դաստիարակչական, 2 օժանդակ դպրոց, երաժշտական դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն, գրադարան, պատմամշակութային հուշարձաններ, բազմահարկ շենքեր, արդյունաբերական ձեռնարկություններ: