Գորան գյուղի մոտակայքում ադրբեջանական զորավարժությունների դեմ մեր պատասխան գործողությունները կարելի է գեղարվեստականորեն կոչել «Արցախի գորանի»
Ադրբեջանում այսօր մեկնարկած զորվարժություններն, ըստ ադրբեջանցի օգտատերերի տարածած տեղեկատվության, անցկացվում են Գորանբոյի շրջանի Գորան (ադրբեջաներեն՝ Գյորան) գյուղի մոտակայքում:
Գյուղի անվանումը չափազանց հետաքրքիր է, որովհետև դատելով դրանից՝ այստեղ բնակվում են «Ճշմարտության հետևորդներ» (պարսկերեն՝ «Ահլ-ե հաղղ») կամ «Ալիին աստվածացնողներ» (պարսկերեն՝ «Ալի էլլահի») ծայրահեղ շիայական ուղղության հետևորդներ, որոնք թյուրքալեզուների շրջանում հայտնի են հենց «գյորան» անունով:
«Գորան» ցեղանունն ի սկզբանե վերաբերում էր Իրանի արևմուտքում բնակվող և մերձկասպյան դեյլամական ծագում ունեցող իրանական բարբառներից մեկով խոսող էթնիկ-դավանական հանրույթին, որի լեզվով էլ հիմնականում ստեղծվել են «Ճշմարտության հետևորդների» կրոնական օրհներգները:
Այս լեզվի «գորանի» անվանումը, քրդալեզու բնակչության շրջանում հենց այս պատճառով էլ ընդհանրանալով, ստացել է «երգ» իմաստը և անցել նաև հայերիս՝ «գորանի» երգերի ձևով:
Այնպես որ՝ Գորան գյուղի մոտակայքում ադրբեջանական զորավարժությունների դեմ մեր պատասխան գործողությունները կարելի է գեղարվեստականորեն կոչել «Արցախի գորանի»:
Վարդան Ոսկանյան, Ֆեյսբուք