Ի՞նչ օգտակար հատկություններով է առանձնանում մասրենին
Մասրենին վարդազգիների ընտանիքի վայրի բույսերի, սովորաբար մինչև մեկ մետր բարձրության, թուփ է։ Լատիներեն անվանումն է. Rosa L.։ Ծաղիկները' մեկական կամ հավաքված հովանոցավոր ծաղկաբույլում, երկսեռ են, սպիտակ, վարդագույն, կարմիր, դեղին։ Պտուղը ընկույզիկ է, բազմասերմ, պտղաբույլը' մսալի, ոչ հյութալի։ Մասրենու պտուղները պարունակում են 2-18% C վիտամին, վիտամիններ' P, B1, B2, K, E, պրովիտամին A, մինչև 24% շաքար, կիտրոնաթթու, խնձորաթթու, անտոցիանաձին, պեկտինային և դաբաղիչ նյութեր։ Պարունակում է նաև հետևյալ քիմիական տարրերը' նատրիում, կալիում, մագնեզիում, մանգան, ֆոսֆոր, երկաթ։
Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են պտուղները, որոշ չափով, նաև ծաղիկները, տերևները, կեղևը և արմատը։ Դեռևս Հիպոկրոտը նշել է, որ մասրենու պտուղները հիանալի հակաբորբոքիչ միջոց են։ Ավիցեննան մասրենու տերևները օգտագործել է քթային արյունահոսության ժամանակ, իսկ ծաղիկների հյութը' հարբուխի դեպքում։ Ամիրդովլաթը նշում է, որ պտուղները գինով եփած, ներքին ընդունման ձևով, առաջ են բերում փորկապություն և միզակապություն, եփուկը լոգանքի ձևով օգնում է մաշկային հիվանդություններին։
Մասրենու պտուղներից պատրաստում են մուրաբա, հյութ, վիտամինային օշարակ։ Ջրագոլորշային թորման եղանակով ծաղիկներից ստացվում է հատուկ յուղ, որը լայն կիրառություն ունի բժշկության մեջ։