Բուրգերի համալիր՝ Գիզայում
Բուրգերի համալիր Գիզայում, Հին Եգիպտոսի հուշարձանների համալիր, որը գտնվում է Գիզա սարահարթում, Կահիրե քաղաքի արվարձանում։ Գիզայի համալիրը գտնվում է մոտավորապես 8 կմ հեռավորության վրա Նեղոսի վրա գտնվող հին Գիզա քաղաքից դեպի անապատի կենտոնը և մոտավորապես 25 կմ դեպի հարավ-արևմուտք Կահիրե քաղաքի կենտրոնից։
Գիզայի համալիրի Քեոփսի բուրգը հին աշխարհի յոթ հրաշալիքներից միակն է, որը հասել է մինչև մեր օրերը։ Հին աշխարհից մարդկությանը հասցեագրված յոթ հրաշալիքներից են եգիպտական հինավուրց բուրգերը՝ ճամփորդներին ապշեցնող այդ արհեստական սարերը, Եգիպտոսի՝ հնադարում ապրած թագավորների դամբարանները։ Կահիրեից հարավ-արևմուտք՝ մինչև Ֆայումի օազիս ձգվող բուրգերը, թվում է, հառնում են կիզանուտ անապատի ավազներից՝ ճնշելով մարդուն իրենց վիթխարի չափերով։ Արդեն հինգ հազար տարի է կանգնած է բուրգերից ամենամեծը՝ Քեոփս փարավոնի դամբարանը՝ հարյուր քառասունյոթ մետր բարձրությամբ, յուրաքանչյուր կողքի երկարությունը երկու հարյուր երեսուներեք մետր։ Ըստ հնէաբանների մանրազննին հաշվումների՝ բուրգը կառուցելու համար գործածվել է երկու միլիոն երեք հարյուր հազար կրաքարային խոշոր զանգված՝ ամեն մեկի կշիռը երկու տոննայից ավելի։
Զանգվածեղ ժայռաբեկորները այնպես վարպետորեն են դրված միմյանց վրա, որ դրանց արանքն անհնար է դանակի շեղբ մտցնել։ Անհավատալի է քարտաշների և հղկողների աշխատանքի ճշգրտությունը, եթե նկատի ունենաք, որ բուրգերը կառուցվել են ընդամենը քարե գործիքներով։ Հին Եգիպտոսում ովքեր ցանկանում էին խոնարհվել մեռած փարավոնին, կարող էին այցելել հոգեհանգստի տաճարը՝ հանգուցյալի դահլիճ-ընդունարանը՝ հղկված գրանիտյա ուղղանկյուն սյուներով, հայելու նման փայլփլուն պատերով ու հատակով։ Լույսն ընկնում էր առաստաղի ձվաձև անցքերից՝ դահլիճում ստեղծելով խորհրդավոր կիսամութ։
Թագավորի մարմինը փտելուց պահպանելու համար զմռսում էին։ Նրա ձախ կողքին եթովպական քարե կտրիչով զգուշորեն կտրվածք էին անում, հանում լյարդը, աղիքները, փայծաղը։ Զանազան լուծիչներով տարրալուծում էին ուղեղը։ Ապա ամբողջ մարմինը պարուրելով հոտավետ ձյութով՝ օծայուղում էին կնդրուկով, լցնում քաղցրաբույր քսուքներ և սոսնձապատում։ Հետո փարավոնի զմռսված մարմինը զուգում-զարդարում էին, զգեստավորում շքեղ բանվածքներով, դնում կեղծամ, ոսկեզօծում եղունգները, ակնակապիճներում զետեղում փղոսկրյա կամ բյուրեղապակյա աչքեր։ Այս կերպ էր պատրաստվում մումիան։ Վերջում հոգ էին տանում, որ հանգուցյալը հանդերձյալ կյանքում ապահովված լինի արդուզարդով, անոթներով, ըմպանակներով, կառքով։