Կյանքը ավելի հետաքրքիր է, քան մահը, ուստի պետք է առաջ շարժվել, փորձել դժվարությունները հաղթահարել. Լուի Պուզեն
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2016թ. մրցանակի հանձնման արարողությունը
Նախագահի նստավայրում այսօր երեկոյան տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2016 թվականի մրցանակի հանձնման արարողությունը, որից հետո ի պատիվ մրցանակի արժանացած ֆրանսիացի գիտնական, դեյտագրամի գյուտարար, համացանցի նախահայրերից մեկը համարվող, «Օփեն-Ռութ» կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզենի և նրա տիկնոջ՝ Շանթալ Լեբրյումանի, տրվել է ընդունելություն:
Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների (ՀՏՏ) մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը ներկայացրել է ՀՀ Նախագահի հրամանագրով ստեղծված՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հանրապետության Նախագահի մրցանակի նախապատմությունը, մրցանակաբաշխության կոմիտեի և միջազգային ընտրող հանձնաժողովի գործունեության սկզբունքները, մինչ այժմ այդ պատվավոր մրցանակին արժանացած աշխարհահռչակ անձանց, իսկ մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ Թոնի Մորոյանը ներկայացրել է այս տարի ՀՀ Նախագահի մրացանակին արժանացած անվանի գիտնական Լուի Պուզենի կենսագրությունը, նրա ներդրումը ՏՏ ոլորտում:
Նախագահ Սերժ Սարգսյանը մրցանակը հանձնել է Լուի Պուզենին և այդ առիթով տեղի ունեցած ընդունելության ժամանակ հանդես է եկել ելույթով:
Միջոցառման ժամանակ շնորհակալական խոսք է ասել մրցանակակիր Լուի Պուզենը:
«Պարոն Նախագահը շատ հաճելի խոսքեր շռայլեց իմ հասցեին, և իմ կարծիքով, պետք է միասին նայենք ապագային, քսան տարի հետո ինչ կլինի ինտերնետին, մենք չգիտենք: Ներկայումս մեծ մարտահրավեր է այն ապահով դարձնելը, անվտանգ դարձնելը, այսինքն՝ ավելի համապատասխանեցնելը մարդկանց կարիքներին, և դա ժամանակ է պահանջում, էներգիա, աշխատանք և նպատակադրվածություն ընդունելի հավասարակշռությանը հասնելու համար՝ արդյունաբերության, հետազոտության, տեխնոլոգիայի, սոցիոլոգիայի և այլ ոլորտներում: Որոշակի համատեքստում փորձենք խուսափել շահերի բախումից: Պետք է հաշվի առնենք, որ կյանքը ավելի հետաքրքիր է, քան մահը, ուստի պետք է առաջ շարժվել, փորձել դժվարությունները հաղթահարել, և հաջորդ տասը տարիների ընթացքում, երևի, հասարակությունը պետք է իրեն համապատասխանեցնի ինտերնետային դարաշրջանին»,-ասել է «Օփեն-Ռութ» կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզենը: