Շառլ Ազնավուրը հանդիպել է Պեկինում բնակվող հայության հետ
Ատրգործնախարարությունից տեղեկացնում են, որ Չինաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում դեկտեմբերի 13-ին Չինաստանում ֆրանսերեն լեզվի տարվա փակման առիթով հայազգի մեծանուն երգիչ Շառլ Ազնավուրը հանդիպել է Պեկինում բնակվող հայության հետ:
Միջոցառմանը շուրջ 60 հայերի հետ մեկտեղ ներկա են գտնվել նաև «Համաշխարհային մտավոր խաղերին» մասնակցելու նպատակով Չինաստանում գտնվող անվանի հայ շախմատիստներ Լևոն Արոնյանը և Էլինա Դանիելյանը:
Ողջունելով հավաքվածներին' Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը Շառլ Ազնավուրին պատմել է Պեկինում բնակվող փոքրաթիվ հայ համայնքի մասին, որից հետո ներկաները բազմաթիվ հարցեր են ուղղել իրենց մեծանուն հայրենակցին:
Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում Շառլ Ազնավուրը ներկայացրել է իր կյանքից որոշ դրվագներ և պատմել տարբեր ժամանակներում հայտնի մարդկանց հետ ունեցած հանդիպումների մասին:
Կարևորելով հայապահպանման խնդիրները' նա հորդորել է երիտասարդներին երբեք չկտրվել արմատներից: «Դա է ուժ և կորով տալիս աշխարհի տարբեր երկրներում հայտնված հայերին' դիմագրավելու ցանկացած դժվարությունների», - ասել է Շառլ Ազնավուրը: