Թուրքիան տանկեր է տանում սահման
Թուրքիան Իրաքի հետ սահման մեծ քանակությամբ զրահատեխնիկա է տանում: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «NTV» հեռուստաընկերությանը:
Ավելի մեծ թվով տանկեր և այլ զրահատեխնիկա է ուղարկվում Շիրնաք նահանգի մոտակայք՝ երկրի հարավ-արևելք: Տեխնիկան տեղափոխվում է Թուրքիայի կենտրոնական նահանգներից:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր թուրքական ռազմական զորախումբը Իրաքի հետ սահմանին մեծացնելու մասին: Նրա խոսքով՝ եթե շիաները ահաբեկչություն իրագործեն Թել-Աֆար իրաքյան քաղաքում, որը մեծամասամբ բնակեցված է Իրաքի թուրքմեններով, ապա Թուրքիան կարող է «այլ պատասխան» տալ:
Նաև Անկարան հայտնել է Մոսուլի հարձակման գործողություններին մասնակցելու մասին: Գործողությունը վարում են իրաքյան բանակը և ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությամբ Իրաքի քրդերի ինքնապաշտպանական ուժերը: