«Մերձավոր Արևելքի հայկական համայնքներում լավատեղյակ են հայկական մշակույթից». Գ. Հայկազուն
Մերձավոր Արևելքի հայկական համայնքներում հայությունը լավատեղյակ է հայկական մշակույթից ու հայրենասիրական երգերից: Այս համոզմունքն ունի «Հայկազունք» խմբի ներկայացուցիչ, երգահան Գուսան Հայկազունին:
«Դա պայմանավորված է Դաշնակացության, Հնչակյան կուսակցությունների ծավալած քաղաքականությամբ: Ռուսաստանում վիճակն այլ է: Այնտեղ համայնքներ նոր են կազմակերպվում: Ռուսաստանաբնակ մեր հայրենակիցները կարոտ են հայրենասիրական երգերի»,- ասաց Գուսան Հայկազունին լրագրողների հետ հանդիպմանը:
Նա նշեց, որ այս տարվա ընթացքում իրենց խումբը մեծ ձեռքբերումների և հաջողություններ է ունեցել: Նրանք նոր են վերադարձել Ռուսաստանից, որի մի շարք քաղաքներում հանդես են եկել համերգներով:
«Եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանի հայության համար նման կազմակերպված և հայրենասիրական երգեր երգող խմբեր հազվադեպ են համերգներով հանդես գալիս, ապա այս առումով մենք առաջինն էինք»,- պատմեց Գուսան Հայկազունն ու ավելացրեց, որ, ցավալի է, բայց այսօրվա մեր երգիչները չեն գնահատում իրենց արվեստը:
«Նրանք երգում են էժանագին բառերով գրած իրենց երգերը: Հիմնականում դրսից եմ ստանում պատվերներ, չնայած առանց պատվերների էլ եմ ստեղծագործում»,- ասաց Գուսան Հայկազունն ու նշեց, որ հայ երգիչ, երչուհիներն իրեն երգեր չեն պատվիրում: