Հնագույն քաղաք Էրզրումն իր շրջակայքով հայտնի է որպես լեռնադահուկային հանգստի գոտի
Էրզրում (թուրք.՝ Erzurum), Թուրքիայի նահանգներից մեկն է։ Նախքան Հայոց Ցեղասպանության շրջանը ունեցել է հոծ հայ բնակչություն։ Նահանգի մայրաքաղաքն Էրզրում քաղաքն է։
Էրզրումն իր շրջակայքով հայտնի լեռնադահուկային հանգստի գոտի է։ Շրջապատող սարերը տարվա մեծ մասը ծածկված են ձնով, ինչը մեծ հնարավորություններ է ստեղծում տուրիզմի համար։ Էրզրումը հայտնի է իր ջրով, շատ մոտ է Եփրատ գետին։
Էրզրումի հիմնադրումը վերագրում են Ք.Ա. 2-րդ հազարամյակի 2-րդ կեսին ապրած հայոց թագավոր Կարաննիին, որից էլ առաջացել է քաղաքի հայկական Կարին անունը։ Այն եղել է խոշոր արհեստավորական, գիտամշակութային կենտրոն, որտեղ ապրել ու արարել են հայերը։ Կարինը բոլոր ժամանակներում եղել է հայաշատ քաղաք։ Մինչև 4-րդ դարը Երվանդունիների, Արտաշեսյանների և Արշակունիների թագավորության շրջանում եղել է հայական պետության կազմում, Կարինի գավառի կենտրոն։ 387 թվականին Հայաստանի առաջին բաժանմամբ անցել է Հռոմեական կայսրությանը և Կարինը կոչվեց Թեոդորոս կայսեր անունով Թեոդուպոլիս։ 5-րդ դարից Կարինը կռվախնձոր դարձավ պարսիկների և բյուզանդացիների միջև։ 885 թվականին, Հայաստանում Բագրատունիների թագավորության հաստատումից հետո, Կարինը նույնպես մտավ հայկական պետության կազմի մեջ։
1049-ին սելջուկները գրավեցին և կործանեցին Հայաստանի Արծն քաղաքը, որի հայ բնակիչները գաղթեցին Կարին և այն կոչեցին Արծն։ Քանի որ այն բյուզանդական տիրույթներում էր, նախկինից տարբերելու համար սկսեցին ասել Արզնար-Ռում, որ հետագայում ձևափոխվելով դարձավ Էրզրում։ Սելջուկ-թուրքերին կարճ ժամանակով այստեղից վռնդեցին Զաքարյանները, իսկ 1242 թ քաղաքը անցավ մոնղոլ-թաթարների իշխանության տակ։ 19-20րդ դարերում ռուսները երեք անգամ գրավել են Կարինը և նորից վերադարձրել Օսմանյան կայսրությանը։ Ադրիանուպոլսի հաշտության պայմանագրով, ռուսները, Արևմտյան Հայաստանի տասնյակ քաղաքների և հարյուրավոր գյուղերի հետ Կարինը վերադարձրեցին Օսմանցիներին։ Բնակչությունը կաթողիկոսարանի հետ գաղթեց և բնակություն հաստատեց Ախալքալաքում, Ախալցխայում, Լոռիում և այլուր։