Բոլոր երկրներում մշակույթի զարգացման համար մեծ ներդրումներ են արվում, իսկ Հայաստանում՝ «սպանում» են բոլոր հնարավորությունները
Ինչպես բազմիցս հայտնել ենք, «Կատարողական արվեսի համաշխարհային աոցիացիա»-ի անդամ երգիչ-երգչուհիները, պարային խմբերն ու երաժիշտները մշտապես «Գրան պրի»-ներով և պատվավոր հորիզոնականներ զբաղեցրած են վերադարձել միջազգային փառատոններից: Ասոցիացիան, իհարկե, նույն փառատոնները կարող է անցկացնել Հայաստանում, բայց, քանի որ այն չի հովանավորվում, դրա համար գոնե պետական աջակցություն է հարկավոր, ինչը մինչ այսօր չի արվել:
Operativ.am-ի թղթակիցը այս և այլ հարցերի շուրջ զրուցել է «Կատարողական արվեսի համաշխարհային ասոցիացիա»-ի նախագահ Արման Ղուկասյանի հետ: Այն հարցին, թե ինչու ասոցիացան պետական աջակցություն չի ստանում, որն ավելի լայն հնարավորություն կտար արտերկրի մասնակիցներին ծանոթանալու հայ մշակույթին, ինչպես նաև պատմամշակութային վայրերին, Արման Ղուկասյանը պատասխանեց. «Բազմիցս դիմել եմ Մշակույթի նախարարությանն այն խնդրանքով, որ պարզապես դահլիճ տրամադրեն՝ անվճար, որպեսզի կարողանամ միջազգային մասշտաբի փառատոններ կազմակերպել, հայ մշակույթը ներկայացնել օտարերկրյա մեր գործընկերներին, սակայն մշտապես բացասական պատասխան եմ ստացել, քանի որ իմ ծրագրում ֆինանսական աջակցություն չեմ խնդրել: Ասոցիացիան պաշտոնական ներկայացուցիչներ ունի 75 երկրում, որտեղ 10.000-ից ավելի անդամ ունենք: Բոլոր երկրներում այս միջոցառումները մրցույթներն անցկացվում են պետական աջակցությամբ, քաղաքապետարանների, Մշակութի նախարարության մասնակցությամբ:
Բոլոր երկրներում մշակույթի զարգացման, տարածման համար մեծ ներդրումներ են արվում, իսկ մեր երկրում…Երևի մինչ այժմ Մշակույթի նախարարությունը լավ չի պատկերացրել իր գործի բնույթը: Հույս ունեմ, որ մշակույթին մոտ կանգնած Արմեն Ամիրյանն առավել ուշադրություն կդարձնի հայ մշակույթի զարգացմանն ու դրա տարածմանը»:
Արման Ղուկասյանը մեր հետ զրույցում նշեց, որ ասոցիացիան նաև Ադրբեջանում միջոցառումներ չի իրականացնում:
«Մեր ասոցիացիան քաղաքական չէ և մենք տարբերություն չենք դնում երկրների միջև, սակայն Ադրբեջանի կողմը ցանկություն չունի մասնակցելու մեր մրցույթներին: Նրանք մշակույթը քաղաքականության են վերածում և մրցույթներին փորձում անախորժություններ ստեղծել: Բոլոր մրցույթներում, որտեղ ադրբեջանցիներ են մասնակցել, մենք հաղթող ենք դուրս եկել: Իսկ Արցախի մեր մասնակցի՝ Սար Սարգսյանի մասնակցության ժամանակ, փառահեղ հաղթանակից հետո բեմում ծածանվեցին և՛ Հայաստանի, և՛ Արցախի դրոշները, ինչն էլ ավելի կատաղեցրեց մեր «բարեկամներին»,-ասաց նա:
«Կատարողական արվեսի համաշխարհային ասոցիացիա»-ի նախագահի խոսքով՝ ադրբեջանցիները կազմակերչիչների միջոցով ամեն ինչ անում են, որ Արցախի դրոշը չբարձրացվի, սակայն դա նրանց չի հաջողվում, քանի որ մրցույթի շրջանակներում նման արգելք չկա, ինչը շատ լավ առիթ է, որ տարբեր երկրներ իմանան Արցախի մասին:
Նշենք, որ ասոցիացիան աստեղծվել 2014 թվականի սեպտմբերի 1-ին: 2 տարվա ընթացքում մասնակցել է բազմաթիվ մրցույթ-փառատոնների և ունեցել 32 առաջին մրցանակ, 20 «Գրան պրի», 3 երկրորդ մրցանակ: