Սոցկայքերի ռուս օգտատերերը սեքս-շանտաժի զոհ են դառնում
Ռուսաստանում սոցիալական կայքերի օգտատերերը դառնում են սեքս-շանտաժի զոհեր: Այս մասին գրում է «Коммерсантъ»-ը:
Հասարակական գործիչ Ալյոնա Պոպովան նամակ է ստացել, որի համաձայն «ВКонтакте» սոցկայքում խաբեբայության նոր ձև է տարածվել: Աղջիկների հետ անձնական նամակագրություն են հաստատում, նույնիսկ ինտիմ լուսանկարներ կամ տեսանյութ ուղարկում և համոզում անել նույնը: Այնուհետև զոհից գումար են պահանջում, իսկ մերժման դեպքում անկետաները հրապարակվում են հատուկ կայքում, և նյութն ուղարկվում է սոցկայքի ընկերների ողջ ցուցակին: Այս մասին նշվում է ուղերձում:
Կայքը, ինչպես հաղորդվում է, իբրև թե զբաղվում է գումարի դիմաց ինտիմ ծառայություններ մատուցելուն պատրաստ կանանց հարցերով: Պորտալում կա մոտ 200 կնոջ լուսանկար: Նմանատիպ կայք է ստեղծվել նաև տղամարդկանց համար:
Հանցագործության այս ձևը, որը ստացել է «sextortion» անունը, ակտիվորեն սկսել է զարգանալ երեք-չորս տարի առաջ Ֆիլիպիններում: