Հայ Առաքելական եկեղեցին նշում է Խաչի գյուտի տոնը
Խաչի գյուտը Քրիստոսի խաչափայտին նվիրված չորս տոներից մեկն է: 327թ. բյուզանդական Կոստանդիանոս կայսեր մայրը' Հեղինեն, Տիրոջ խաչը գտնելու նպատակով այցելում է Երուսաղեմ:
Հուդա անունով մի հրեա կայսրուհուն օգնում է գտնել Քրիստոսի խաչվելու վայրը' Գողգոթան, որտեղ որոնումների ժամանակ հայտնաբերվում են Հիսուսի և նրան խաչակից երկու ավազակների խաչերը:
Տիրոջ խաչը ճանաչելու համար մի պատանու դիակ հերթով տեղավորում են դրանց վրա, և մեկի վրա պատանին հարություն է առնում. այդպես ճանաչվում է տերունական խաչը:
Այդ հրաշքից հետո հրեա Հուդան քրիստոնեություն է ընդունում և հետո դառնում է Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսը: Խաչափայտի գյուտից հետո Հեղինեն բարեզարդում է Երուսաղեմի սրբազան վայրերը, իսկ Գողգոթայում կառուցում Սբ. Հարություն եկեղեցին, որտեղ հետագայում զետեղվում է Տիրոջ խաչափայտը:
Գյուտ խաչի տոնը նշվում է Խաչվերացի յոթերորդ կիրակի օրը: