Թուրքիան կմասնակցի Մոսուլի ազատագրմանը
Թուրքիան չի կարող անմասն մնալ հարևան Իրաքում տեղի ունեցող իրադարձություններից և պատրաստվում է մասնակցել Մոսուլը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներից ազատագրելու գործողությանը: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Ասում են՝ թող Թուրքիան չմտնի Մոսուլ: Ինչպե՞ս թե: Մենք Իրաքի հետ սահմանից 350 կիլոմետր հեռավորության վրա ենք, և այնտեղից վտանգ է գալիս:
Այժմ Մոսուլում մեր եղբայրներն են՝ արաբները, թուրքմենները, քրդերը: Իրաքի՝ Թուրքիայի հետ ունեցած սահմանի տարածքում ապրում են մեր հայրենակիցները: Մենք չենք կարող ավելի երկար անմասն մնալ Իրաքի իրադարձություններից»,- հայտնել է Էրդողանը՝ Ստամբուլում տեղի ունեցած Միջազգային իրավական կոնգրեսում ելույթ ունենալով:
Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլը 2014 թվականից «ԻՊ»-ի վերահսկողության տակ է: