Կարեն Կարապետյանը դիմել է Դմիտրի Մեդվեդևին՝ ավտոբուսի վթարից տուժածների մարդասիրական ավիափոխադրում իրականացնելու համար
ՀՀ արտակարգ իրավիճակների, առողջապահության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունները համատեղ աշխատում են` ՌԴ տարածում ավտոբուսի վթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներին համապատասխան աջակցություն ցուցաբերելու համար:
Այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նամակով դիմել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին` ՌԴ ԱԻՆ օգնությամբ մարդասիրական ավիափոխադրում իրականացնելու համար:
Տեղում աշխատանքները կազմակերպելու համար այսօր ՌԴ են մեկնել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արամ Արսենյանը, ՀՀ առողջապահության նախարարության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Վարդան Վարդազարյանը և նույն նախարարության արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Գաբրիել Թեփելիկյանը:
Ռուսաստանում կապն ապահովում և աշխատանքը համակարգում է ՌԴ-ում ՀՀ ԱԻ նախարարության ներկայացուցիչ, փ/ծ ավագ լեյտենանտ Տիգրան Ավետիսյանը:
ՌԴ ԱԻՆ օդանավը Մոսկվայից կուղևորվի Բեսլան, այնուհետև` Երևան:
Օդանավի թռիչքի վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի լրացուցիչ: