1921 թվականի այս օրը ստորագրվել է Կարսի պայմանագիրը
Կարսի պայմանագիրը կնքվել է 1921 թվականի հոկտեմբերի 13-ին մի կողմից Թուրքիայի, մյուս կողմից՝ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության և Վրաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության՝ բոլշևիկյան Ռուսաստանի մասնակցությամբ։ Պայմանագիրը, հաջորդելով Մոսկվայի պայմանագրին, հաստատեց վերջինիս դրույթները և սահմանեց ժամանակակից սահմանները Թուրքիայի և Անդրկովկասյան հանրապետությունների միջև։ Պայմանագիրը կնքվել է 1921 թվականի հոկտեմբերի 13-ին Կարսում և վավերացվել 1922 թվականի սեպտեմբերի 11-ին Երևանում։
Պայմանագրով Թուրքիային են անցել Կարսի մարզը գրեթե ամբողջությամբ և Սուրմալուի գավառը՝ ներառյալ Արարատ լեռն իր հարակից շրջաններով, իսկ Ադրբեջանին՝ Նախիջևանի շրջանը, որը սահմանվել է որպես ինքնավար կազմավորում։ Արդյունքում Հայաստանը կորցրել է իր տարածքի գրեթե կեսը։ Պայմանագրի դրույթները պարտադրվել են խորհրդային Հայաստանի կառավարությանը ռուս բոլշևիկյան կառավարության և անձամբ Ստալինի ճնշման տակ։
Պայմանագիրը ստորագրել են.
Թուրքիայի կողմից՝ արևելյան ճակատի հրամանատար Կազիմ Կարաբեքիր փաշան, խորհրդարանի պատգամավոր Վելի բեյը, կառավարության ներկայացուցիչ Մուհտար բեյը և Ադրբեջանում Թուրքիայի ներկայացուցիչ Մեմդուհ Շևքեթ բեյը,
Հայաստանի կողմից՝ արտաքին գործերի ժողկոմ Ասքանազ Մռավյանը և ներքին գործերի ժողկոմ Պողոս Մակինցյանը,
Վրաստանի կողմից՝ ռազմական և նավատորմի ժողկոմ Շալվա Էլիավան և արտաքին գործերի և ֆինանսների ժողկոմ Ալեքսանդր Սվանիձեն,
Ադրբեջանի կողմից՝ պետական վերահսկման ժողկոմ Բեհբութ Շահտատինսկին,
Ռուսաստանի կողմից՝ դեսպան Յակով Գանեցկին։
Կարսի պայմանգիրը ընդգրկել է հետևյալ կարևոր դրույթները.
Չեղյալ են համարվել պայմանագիրը ստորագրող երկրների միջև կնքված բոլոր նախկին պայմանագրերը՝ բացառությամբ Մոսկվայի պայմանագրի։
Հայաստանի և Թուրքիայի միջև գծվել է նոր սահման, որն անցնում էր Ախուրյան և Արաքս գետերով։ Արդյունքում Թուրքիային են անցել Կարսի մարզը գրեթե ամբողջությամբ իր Կարս, Սարիղամիշ, Արդահան, Օլթի, Կաղզվան քաղաքներով և Անիի ավերակներով (մոտ 18 հազար քառ. կմ), ինչպես նաև Երևանի նահանգի Սուրմալուի գավառը՝ ներառյալ Արարատ լեռը և Իգդիր և Կողբ քաղաքները (մոտ 3.2 հազար քառ. կմ)։
Նախիջևանի մարզը, որը կազմվել է Երևանի նահանգի Նախիջևանի և մասամբ Շարուր-Դարալագյազի գավառների տարածքում, հայտարարվել է ինքնավար հանրապետություն Ադրբեջանի տարածքում՝ պայմանով, որ վերջինս չի փոխանցի այն որևէ երրորդ կողմի։
Բաթումի մարզը բաժանվել է Թուրքիայի և Վրաստանի միջև. հյուսիսային մասը Բաթում նավահանգստով մնացել է Վրաստանի կազմում (հետագայում այդ տարածքում կազմավորվել Աջարական ինքնավար հանրապետությունը), իսկ հարավային մասը՝ Արդվին քաղաքով անցել է Թուրքիային։