Ուդի հայտնի հայ վարպետ Երվանդ Բոսթանջըն վերադառնում է Թուրքիա
Թուրքիայում ծնված ազգությամբ հայ, հայտնի ուդի վարպետ Երվանդ Բոսթանջըն, ով 1992 թվականին տեղափոխվել և բնակություն էր հաստատել Միացյալ Նահանգներում, 21 տարի անց որոշել է վերադառալ ծննդավայր: Նրա տեղափոխության ծախսերը հոգալու է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը: Հայ երաժշտի Թուրքիա տեղափոխության և նրա կյանքի մասին մանրամասներ է հաղորդում թուրքական «Դողան հաբեր» լրատվական գործակալությունը: Նշվում է, որ նա Դիարբեքիր կմեկնի հունիսի 20-ին:
Մինչ այդ հայ երաժիշտը գրող Շեյմուշ Դիքենի հետ այցելության է գնացել Փարիզում գտնվող Ահմեթ Քայայի, Յըլմազ Գյունեյի շիրիմներին, ինչպես նաև Բրյուսելում ամփոփված հայ երգիչ Արամ Տիգրանի շիրմին: Նշենք, որ առավելապես քրդալեզու երգերով հայտնի Արամ Տիգրանն իր կտակում ցանկություն էր հայտնել, որ իրեն թաղեն Դիարբեքիրում, բայց նրա ցանկությունը մերժվել էր' Թուրքիայի քաղաքացիություն չունենալու պատճառաբանությամբ:
Երվանդ Բոստանջըն հանգուցյալ արվետսագետների շիրիմներին ուդ է նվագել, հայերեն, քրդերեն և թուրքերեն լեզուներով պանդխտության և հայրենիքի կարոտին նվիրված երգեր կատարել:
Երվանդ Բոսթանջըն հայտնել է, որ ԱՄՆ-ում Թուրքիայի փոխհյուպատոս Նիհաթ Գյուլը և Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի խորհրդական Իբրահիմ Սարըթաշըն Լոս Անջելեսում գտնվող իրենց տուն են այցելել և իրեն ճաշի հրավիրել: Իսկ Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը Երվանդ Բոստանջըյին խոստացել է աշխատանքի տեղավորել Դիարբեքիրում գործող Արամ Տիգրանի անվան կոնսերվատորիայում: