Որտեղի՞ց է ծագել Տաթևի վանքի անունը
Տաթևի վանքի անվան հետ կապված կա երկու տարբերակ։ Դրանցից մեկի համաձայն, «Տաթև» անունը ծագում է հայերեն «տա թև» արտահայտությունից:
Կառուցումն ավարտելուց հետո, քարագործ Վարպետը, դիմելով ցածրում գտնվող բանվորներին, երկու տաշեղ է պահանջում։ Ստանալով տաշեղները վարպետը համբուրում է դրանք և ասում՝ «Հոգին սուրբ տա թև»։ Խոսքը բերանին, նրա ուսերին թևեր են բուսնում։ Վարպետը թռչում, գնում է անհայտ ուղղությամբ։ Բանվորներն առանց վարպետի չեն կարողանում հանել վանքի փայտյա սկալաները։ Ժամանակ անց, լսելով, որ նա Պոլսում է գտնվում, վանքի շրջակայքի բնակիչները մարդ են ուղարկում վարպետի մոտ և խնդրում, որ նա գա հանի վանքի սկալաները։ Սակայն վարպետը չի վերադառնում։ Միայն հայտնում է հանելու եղանակը։ Վարպետի ասած խոսքից «Հոգին սուրբ տա թև» վանքը կոչվում է Տաթև։
Երկորրդ տարբերակի համաձայն՝ վանքը կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունով։ Նա այս վայրերում տանջամահ է եղել, իսկ 4-րդ դարում իր գերեզմանի վրա կառուցվել է եկեղեցի, որն օծել է սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Բերդի պարիսպների ետևում պահպանվել են եկեղեցու ավերակները, որոնք հեռու չեն Տաթևի վանքին։