Ադրբեջանը համաձայն չէ Ջոն Քերրիի հայտարարությանը. Ալիևի աշխատակազմի փոխղեկավար
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրի այն հայտարարությունը, թե Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները դեռևս պատրաստ չեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, դրական չի ընդունվել Ադրբեջանում: Ըստ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի ղեկավարի տեղակալ՝ արտաքին կապերի հարցերով բաժնի պատասխանատու Նովրուզ Մամեդովի, պետքարտուղար Ջոն Քերրիի հայտարարությունը զարմացրել է ադրբեջանական կողմին: Այս մասին գրում է ադրբեջանական «APA» գործակալությունը:
Մամեդովը նշել է, որ նման հայտարարության տարածումը գերտերության պետքարտուղարի կողմից ԱՄՆ-ում ընտրություններից առաջ, զարմանք է առաջացնում, քանի որ Քերրի լիազորությունները շուտով կսպառվեն:
«Ադրբեջանը չի ընդունում Ջոն Քերրիի այդ հայտարարությունը: Մենք կցանկանայինք, որ ԱՄՆ-ը պարզաբաներ Ջոն Քերրիի հայտարարությունն այնպես, որ յուրաքանչյուրն այն հասկանար»,- ասել է նա: