Այսօր տաղանդավոր դերասան Արմեն Ջիգարխանյանը նշում է ծննդյան 81-ամյակը
Այսօր տաղանդավոր դերասան Արմեն Ջիգարխանյանը նշում է ծննդյան 81-ամյակը: Նա ծնվել է 1935 թ-ի հոկտեմբերի 3-ին Երևանում:
Ջիգարխանյանը խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության դերասան է, թատերական մանկավարժ, թատրոնի ռեժիսոր։ 1985 թ-ին արժանացել է ԽՍՀՄ Ժողովրդական արտիստի կոչման:
Նրա անունը գրվել է Գինեսի ռեկորդների գիրքում՝ որպես ամենաշատ նկարահանվող ռուսական դերասան (ավելի քան 250 դերակատարում կինո և հեռուստաֆիլմերում): Նրա հաշվին են դասվում բազմաբովանդակ դերեր լավագույն ռուսական և խորհրդային ռեժիսորների ֆիլմերում, տարբեր ժանրերի ժապավեններում, կատակերգական և արկածային կինոնկարներում, դրամաներում և երաժշտական ֆիլմերում։
Արմեն Ջիգարխանյանը ներկայումս ապրում է Մոսկվայում` կնոջ` դրամատիկական թատրոնի երաժշտական ղեկավար, 33-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ։ Ջիգարխանյանը ղեկավարում է 1996 թ-ին իր իսկ կողմից ստեղծված Մոսկվայի դրամատիկական թատրոնը:
Նրա դերը բարձր են գնահատել Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին և Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: Նրանք շնորհավորել են դերասանի ծննդյան տարեդարձը` ընդգծելով նրա դերը Ռուսաստանում դերասանական վարպետության զարգացման գործում
Ըստ Մեդինսկու, Ջիգարխանյանի ունիկալ տաղանդը, խարիզման և հիշվող ձայնը անկկատ չեն կարող թողնել նրա և ոչ մի աշխատանք, իսկ ռեկորդային թվով դերերը Ջիգարխանյանին դարձրել են համազգային սիրելի դերասան:
Հայկական կինոյում տաղանդավոր դերասանի ստեղծած լավագույն դերերից են՝ Մկրտիչ («Եռանկյունին», 1967 թ., ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1975 թ.), Ղազարյան («Տղամարդիկ», 1972 թ.), Սերոբ («Հարսնացու հյուսիսից», 1975 թ.), Իսայ («Սգավոր ձյունը»՝ ըստ Անրի Թրուայայի, 1978 թ., ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1979 թ.), Մխիթար («Հուսո աստղ»՝ ըստ Սերո Խանզադյանի «Մխիթար սպարապետ» վեպի, 1978 թ.), Բազազ Արտեմ («Գիքոր»՝ ըստ Հովհաննես Թումանյանի, 1982 թ.), Ռազմիկ («Մենավոր ընկուզենի»՝ ըստ Վարդգես Պետրոսյանի, 1986 թ.), Աբրահամ («Վերադարձ», 2010 թ.) և այլն: