Թուրքիայի վարչապետը մեղադրել է Գյուլենի կողմնակիցներին նոր հեղաշրջման մասին լուրեր տարածելու մեջ
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը մեղադրել է ընդդիմադիր հոգևոր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության («FETO») անդամներին ռազմական հեղաշրջման երկրորդ փորձի հնարավորության մասին լուրեր տարածելու մեջ: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ թուրքական կառավարությունը զգուշանում է հեղաշրջման ևս մի փորձից:
«Ասում են, որ հեղաշրջման նոր փորձ կլինի, իբր դա տեղի կունենա այսօր երեկոյան, կամ վաղը: Դա սուտ է, որը տարածում է «FETO»-ն` նպատակ ունենալով հանրության շրջանում հուզումների նոր ալիք բարձրացնել»,-նշել է Յըլդըրըմը:
Նա հավելել է, որ կառավարությունը կիրառում է բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի կանխի նման փորձերը: